Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Հեդոնիզմի քաղաքական վարքաբանությունը

Հեդոնիզմի քաղաքական վարքաբանությունը
22.09.2026 | 12:12

Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել, որ ինքը «իզմեր» չունի։ Ըստ էության՝ մարդը կարող է հրաժարվել «իզմերից» և, այնուամենայնիվ, իր քաղաքական վարքով բավական հստակ տեղավորվել որևէ գաղափարական շրջանակի մեջ։

Փաշինյանի դեպքն ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում։

Հեդոնիզմը հին հունական փիլիսոփայական ուղղություն է, որի հիմքում մարդու լավ կյանքի չափանիշը հաճույքի, հարմարավետության և տառապանքի նվազեցման հետ կապելու գաղափարն է։ Սա ոչ թե պարզապես «ուտել, խմել ու զվարճանալ» է, այլ, Էպիկուրի մոտ, օրինակ, հաճույքը կապվում էր հոգեկան հանգստության, չափավորության և վախերից ազատ լինելու հետ։

Իսկ երբ այս տրամաբանությունը տեղափոխվում է քաղաքականություն, փոխվում է նաև քաղաքականության լեզուն։ Պետության հաջողությունը սկսում է ներկայացվել ոչ միայն նրա ինստիտուտներով, անվտանգությամբ կամ զարգացման հեռանկարով, այլև, թե որքան հաճելի է կյանքը այդ պետությունում (Սա մեր երազանքի Հայաստանն է)։

Եվ այստեղ Փաշինյանի իշխանության տարիների հանրային քաղաքականությունը հետաքրքիր նյութ է տալիս։

Գաստրոնոմիական և գինու փառատոներ, «Ֆեստիվառ», երաժշտական միջոցառումներ, քաղաքային տոնախմբություններ, զբոսաշրջային ու ժամանցային նախագծեր։ Առանձին վերցրած՝ դրանցից որևէ մեկը խնդիր չէ։ Պետությունը կարող է և պետք է զարգացնի զբոսաշրջությունը, մշակույթը և ժամանցային տնտեսությունը։

Բայց երբ այս ամենը դառնում է իշխանության հանրային ներկայացման մշտական ֆոն, արդեն կարելի է հարցնել՝ ինչպիսի՞ կյանքն է իշխանությունը դարձնում ցանկալի և ինչն է ներկայացնում որպես այդ կյանքի հաջողության չափանիշ։

Այստեղ էլ առաջանում է հեդոնիզմի քաղաքական վարքաբանությունը։

Քաղաքացուն ավելի հաճախ ներկայացնում են ոչ թե որպես պետության ապագան որոշող քաղաքական սուբյեկտ, այլ որպես լավ կյանք վայելող մարդ՝ գինի, սնունդ, երաժշտություն, տուրիզմ, փառատոն, ժամանց։ Այսինքն՝ գաղափարի փոխարեն՝ կենսակերպ։

Ասեմ, որ սա շատ հարմար քաղաքական տրամաբանություն է։ Գաղափարը ստիպում է խոսել ապագայի մասին, պատասխանատվության մասին, երկարաժամկետ նպատակների մասին, իսկ վայելքը՝ միայն ներկա պահը։

Նիկոլը կարող է հայտարարել, որ «իզմեր» չունի, բայց նրա քաղաքականությունը կարող է ունենալ իր սեփական արժեքային համակարգը։ Եվ այդ համակարգի մեջ հեդոնիզմը բացում է ծխածածկույթի ենթաշերտերը։

Այստեղ հարցը ոչ թե փառատոներն են, այլ թե ինչ է տեղի ունենում քաղաքականության հետ, երբ հաճելի ներկայի ցուցադրությունը սկսում է փոխարինել այն արդյունքներին, որոնց համար իշխանությունը պատասխանատու է։

Ութ տարվա իշխանությունից հետո այդ պատասխանատվությունը միայն տնտեսական ցուցանիշներով չի չափվում։ Այն չափվում է նաև պատերազմով և դրա հետևանքներով, Արցախի կորստով, անվտանգային խնդիրներով, կրթության ու պետական կառավարման վիճակով, ժողովրդագրական մարտահրավերներով և այն հարցով, թե ինչ ռազմավարական տեսլական է իշխանությունը թողնում երկրի առաջ։

Այն պարագայում, երբ իշխանությունը չի կարող հասարակությանը համոզիչ պատասխան տալ իր ամենածանր քաղաքական արդյունքների մասին, բայց կարողանում է շատ տեսանելի դարձնել գինու, սննդի, երաժշտության, զբոսաշրջության ու փառատոների Հայաստանը, հեդոնիզմը դառնում է ոչ միայն կենսակերպի, այլև քաղաքական վարքի բնորոշիչ։

Այդ դեպքում հաճելի ներկան կարող է վերածվել տհաճ իրականությունից ուշադրությունը շեղելու աճպարարության։

Իրականում այստեղ խոսքը միայն հեդոնիզմի մասին չէ։ Սա իշխանության ձախողումների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը վայելքի և բարեկեցության պատկերով փոխարինելու դասական դրսևորում է. հացը տո՛ւր, ապահովի՛ր տեսարանը, մնացածն արդեն վարպետության ու տեխնիկայի հարց է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ